Երեկ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն էր: Վազգենը երեկ դարձավ 56 տարեկան, ու այդ 56-ից 16-ն իրենը չեն, իրենն իր 40 տարիներն էին, 16-ը մեր տարիներն են: Ի՞նչ կլիներ, եթե Վազգենն այսօր մեր կողքին լիներ:
Ո՞վ էր Վազգեն Սարգսյանը գրականության մեջ: ՈՒժեղ, նուրբ, փայլուն արձակագիր, որ գրականությունը տեսնում էր կինոյի ճշգրիտ աչքով, ներսից ու դրսից միաժամանակ, նաև կողքից: Գրում էր ակնարկ, դառնում էր վիպակ, գրում էր պատմվածք, դառնում էր գեղանկար, գրում էր վիպակ, ֆիլմ էր՝ ձայներով, գույներով, հանդիսատեսով, որ հետո երկար մտածում է տեսածի, լսածի մասին: Գրում էր ու գրվում էր, բայց եկավ 88-ը, ու գրողը դարձավ զինվոր:
Ո՞վ էր Վազգեն Սարգսյանը բանակում: Սպարապետ: Դա միակ կոչումն էր, որ ուներ, կոչում, որ որևէ հրամանագրով ոչ տրվում է, ոչ վերցվում: Վազգենը Երասխավանից սկսած զինվոր էր ու զինվոր մնաց մինչև վերջ: Զինվոր, որ երբեք չի հանձնում իր խրամատը, եթե դուրս եկավ խրամատից, միայն առաջ է գնում: Այդպես ստեղծվեց Հայաստանի ազգային բանակը, օրը՝ մի հրացան, օրը՝ մի տանկ, օրը՝ մի զինվոր: Մահապարտ էր, որ հավաքեց իր շուրջը իր նման մահապարտների ու միակ անխախտ պայման դրեց՝ չմեռնել: Մահապարտ էր, որ կռվի էր գնում հաղթելու համար: Հաղթեց, իրավիճակ փոխեց: Ռազմական պատմության բոլոր դասագրքերում մահապարտներին ուղղված նրա խոսքը ռազմարվեստի ուսումնասիրման դասական նմուշ է՝ զորավարի ու գրողի խոսք միաժամանակ: Զինադադար կնքվեց, խաղաղությունը փխրուն էր, ու Վազգենն ամեն Աստծո օր ասում էր. «Ժողովուրդ, պատերազմը չի ավարտվել»։ Բանակը նրա երեխան էր, ու ինքն էլ բանակի հետ մեծանում էր: ՈՒժեղ բանակի համար ուժեղ տնտեսություն է պետք, խաղաղության մեջ ընդարմացող երկիրը այլևս Սպարապետի կարիք ուներ քաղաքական դաշտում: 1998-ին ողջ հասակով մտավ քաղաքականություն:
Ո՞վ էր Վազգենը քաղաքականության մեջ: Վարչապետ, որ հունիսից հոկտեմբեր գույքագրեց երկրի ամբողջ տնտեսությունը, կազմեց առողջացման ծրագիր, առանց մեկ լումա ներդրումի սկսեց փակել պարտքերը, մի քանի ամսում արտաքին ու ներքին քաղաքականության մեջ Հայաստանը դարձրեց տարածաշրջանի հեռանկարային երկիրը, որ տեղապտույտից պոկվել էր ու այլևս… Եվս մի քանի ամիս ու տարեսկզբին՝ դարասկզբին, 21-րդ դարում, որն այլևս մերն էր լինելու, քաղաքական որոշում կար մեծ արդյունաբերության վերագործարկման մասին, լուծվելու էր Ղարաբաղի հարցը («Մենակ ծերուկը չմեռնի՝ հազիվ համաձայնել է»՝ ասում էր Հեյդար Ալիևի մասին), բացվելու էր հայ-թուրքական սահմանը: Քաղաքական դաշտում «Միասնություն» դաշինքը ուժ էր, որ թիկունքում ժողովուրդ ուներ: Նրան հնարավոր չէր կասեցնել, նրան հնարավոր չէր շեղել, նրան հնարավոր էր սպանել: 1999-ի հոկտեմբերի 27-ին սպանվեց այն Հայաստանը, որի վարչապետը դեմ էր կողմնորոշման ու կողմնակից էր ինքնորոշման, որի վարչապետը ոչ ռուսամետ էր, ոչ արևմտամետ, Վազգեն Սարգսյանը հայամետ էր: Ակնհայտ էր, որ նախագահական հաջորդ ընտրությունների թեկնածուն վարչապետն է:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Նրա ապրած 40 տարիները և չապրած 16 տարիները Հայաստանի երրորդ Հանրապետության բոլոր տարիների պատմությունն են՝ սպանությունից հետո էլ իշխանությունն ու ընդդիմությունը սեփական ճշմարտությունը հաստատելու համար մեջբերումներ են անում նրանից ու իրենց ճանապարհները շարունակում են այն մեկնակետերից, որտեղ ողջ հասակով կանգնած է Վազգեն Սարգսյանը: